«Վերջին 1 տարում իրանական կողմի հետ թե մարզում, թե Երևանում` տարբեր գերատեսչություններում, տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ներդրումներին, հիմնականում` ճանապարհաշինություն, հանքարդյունաբերություն և այլն»։
Հայաստանի և Իրանի հարաբերություններում չօգտագործված հսկայական պոտենցիալ կա, և տարբեր ձևաչափերով հանդիպումներն ու միջոցառումները նպատակ ունեն բացահայտելու ու իրացնելու այդ պոտենցիալը։ Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Վերջին 1 տարում իրանական կողմի հետ թե մարզում, թե Երևանում` տարբեր գերատեսչություններում, տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ներդրումներին, հիմնականում` ճանապարհաշինություն, հանքարդյունաբերություն և այլն»,- նշեց մարզպետը։
Ղուկասյանը մատնանշեց խոշորագույն ծրագրերից երկուսը՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, Մեղրու մաքսային անցակետի արդիականացման ծրագիրը։
Տարբեր նախաձեռնություններ են իրականացվում նաև դեպի Սյունիքի ու առհասարակ Հայաստան Իրանից զբոսաշրջային նոր հոսքերի ներգրավման համար, օրինակ` արդեն մի քանի խոշոր փառատոներ են անցկացվել Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում։
«Քանի որ ճանապարհի մի հսկայական մաս անցնում է Սյունիքով, դժվար է հաշվարկել, թե զբոսաշրջիկների որ մասն է հենց Սյունիք գալիս, բայց, իհարկե, հիմնական ուղղությունը եղել է և մնում է Երևանը»,- նշեց մարզպետը։
Ղուկասյանն անդրադարձավ նաև մարզի անվտանգային վիճակին, սահմանամերձ գյուղերում մարդկանց տրամադրություններին՝ նշելով, որ բնակիչներն իրենց սովորական, առօրյա կյանքով են ապրում։ Նա նշեց, որ մարզում նաև աննախադեպ մեծ ծավալով շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարզպետը համեմատություն անցկացրեց խորհրդային տարիների հետ՝ կասկած հայտնելով, որ անգամ այն ժամանակ մեկ տարում միաժամանակ մեկնարկ է տրվել 40 դպրոցների վերանորոգման։