Վարորդներին 9 բալի փոխարեն 13-ը կտրվի, բայց խստացումներ էլ կլինեն. Ալեն Սիմոնյան

ՀՀ–ում երթևեկող վարորդներին տրվող տարեկան 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը։ Այս մասին Radio Aurora–ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Լավ օրենսդրական փոփոխություն ենք նախաձեռնել իմ ընկերների հետ։ «Հեղինակները» Երևանում ապրող և աշխատող վարորդներ են, որոնք փողոցում ինձ անընդհատ մոտենում են այդ հարցով։ Օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը տարեկան 9-ի փոխարեն կդառնան 13-ը։ Միևնույն ժամանակ, փոփոխություններով մի քանի խախտում կխստացվի` հարբած կամ հանդիպակաց վարելը»,– ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի կարծիքով` օրինագիծը հնարավոր է այս տարի ընդունվի։

Նա ընդգծել է նաև, որ ՀՀ վարչապետի, ՆԳ նախարարության հետ նույնպես քննարկվել է այս հարցը։

Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1–ից։ Վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը` 6 ամսով։ Իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից կախված` վարորդի բալերից հանվում է 0․5–ից մինչև 4 տուգանային միավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print