2024-ին աճել է միջին ամսական աշխատավարձը, նվազել է աղքատության մակարդակը. նախարար  

2024 թվականի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 5 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6,6 տոկոսով՝ կազմելով 280,256 դրամ:

Այս մասին ԱԺ նիստին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2023 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 1,1 տոկոսային կետով՝ կազմելով 23,7 տոկոս: Նվազել են նաև անհավասարությունը բնութագրող ըստ եկամտի և սպառման ջինի գործակիցները՝ գտնվելով պատմականորեն ցածր մակարդակներում, և մենք ակնկալում ենք, որ այս միտումները կպահպանվեն»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ կառավարությունը հարկահավաքման ջանքերի շնորհիվ շարունակաբար մեծացնում է ՀՀ պետականության ամրապնդման ու ինստիտուցիոնալ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները:

«Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ, իսկ հարկեր/ՀՆԱ-ն կբարելավվի շուրջ 0,2 տոկոսային կետով: 2025-ին ակնկալվում է ևս 0,7 տոկոսային կետով բարելավում, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակլցությունը կհասնի 25 տոկոսի»,- նշեց Հովհաննիսյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print