Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում

Ըստ հայկական կողմի պահանջների ու անհրաժեշտության` պատրաստ ենք մասնակցել այս բոլոր ծրագրերին ու օգնել հայ ժողովրդին բարելավել կենսամակարդակը:

Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մենք տեղեկացված ենք նոր ատոմակայանի կառուցման մտադրության մասին։ Ըստ հայկական կողմի պահանջների ու անհրաժեշտության` պատրաստ ենք մասնակցել այս բոլոր ծրագրերին ու օգնել հայ ժողովրդին բարելավել կենսամակարդակը»,– ասաց նա։

Ժամանակավոր հավատարմատարը հիշեցրեց, որ այժմ չինական կողմը Գեղարքունիքի մարզում ֆոտովոլտային կայան է կառուցում, որը շուտով շահագործման կհանձնվի:

Անդրադառնալով Հարավային Կովկասի նոր հաղորդակցություններին` Մին Չենը նշեց, որ Չինաստանը շահագրգռված է դրանց բացմամբ։ Նրա խոսքով՝ Պեկինում հուսով են, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի քաղաքական երկխոսության միջոցով լուծել առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները:

«Չինական առաջատար ընկերությունները ցանկանում են մասնակցել տարածաշրջանի տնտեսական կյանքին, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հաշվի առնելով դա` մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանի առկա խնդիրների խաղաղ լուծմանը և դրանով նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացմանը»,– նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print