«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել է թունելների կառուցումը

«Հյուսիս-հարավ»  Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ  ճանապարհահատվածում հողային, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման ընթացիկ աշխատանքներից բացի, մեկնարկել են նաև նախատեսվող  թունելների կառուցման աշխատանքները։ Այս մասին շինհարթակում «Արմենպրես»-ին հայտնել է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

«32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում պետք է կառուցվի 17 կամուրջ և 2 թունել՝ շուրջ 900 մետր երկարությամբ, ինչպես նաև 5 տրանսպորտային հանգույց»,-ասաց Բալյանը՝ հավելելով, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոշ տեղերում՝ նույնիսկ 24-ժամյա ռեժիմով։ 

Իրանական կազմակերպության կողմից իրականացվող շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգորի Սարյանի խոսքով՝ շինարարներն արդեն բնականոն հուն են մտել՝ ըստ իրենց ներկայացրած գրաֆիկի աշխատելու համար։

«Ըստ գրաֆիկի՝ նրանք պետք է կատարեին աշխատանքների 10,8 տոկոսը, բայց կատարել են 10,06 տոկոսը, այնպես որ, գրեթե համաձայն գրաֆիկի են շարժվում»,-մանրամասնեց Սարյանը՝ հավելելով, որ ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի կառուցումը 3 տարում պիտի իրականացվի, սակայն չի բացառվում, որ ավելի վաղ ավարտեն։  

Մանրամասները՝  armenpress.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print