Պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման գրավականը. Նիկոլ Փաշինյան

Վերջին երկու օրերի քննարկումները ուշադիր լսելու արդյունքում ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որն էապես ազդում է այն ամենի վրա, ինչ ասում ենք, այն ամենի վրա, ինչ անում ենք և նրա վրա, ինչպես մտածում ենք մենք բոլորս՝ ինձնից սկսած և ՀՀ բոլոր մյուս քաղաքացիներով շարունակած և ավարտած: Այս մասին 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց ասվածը չընկալել որպես մեղադրանք կամ որպես նիհիլիզմի դրսևորում: 

«Եկա եզրակացության, որ դրա մասին չխոսելն է ոչ միայն անպատեհ, այլև ռազմավարական սխալ, որովհետև մեր խնդիրների լուծման իրական նախադրյալ ստեղծելու համար պետք է հասկանանք՝ ինչ և ինչու է մեզ հետ կատարվում և կատարվողի մեջ ինչն է, որ անհրաժեշտ է ուղղել, շտկել, կարգավորել»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ խոսքը բոլորի մասին է:

Վարչապետը նշեց, որ պետությունն է մեր ազգային ինքնության պահնանման գրավականը՝ հավելելով.

«Ասելիքը հետևյալն է՝ այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է՝ մեր բոլորիս: Կամ եթե մի քիչ ավելի հասկանալի ձևակերպեմ՝ մեր ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, այն, ինչ պնդում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն կամ հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը»:

Նրա խոսքով՝ մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացը ապահելովու, պետության հարատևությունը երաշխավորելու համար:

«Իսկ ինչու է անհրաժեշտ պետության հարատևությունը: Որովհետև միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը: Այդպես եղել է միշտ ու մենք նույնիսկ սա մինչև վերջ և ամբողջական չենք գիտակցել: Կա պետություն, մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, չենք լինի որպես հայ ժողովուրդ: Եվ ի դեպ, մենք այսօր որպես ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը բարեբախտաբար հիմա իմ կողմից նկարագրվելիք իրավիճակի բերումով ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք և ահա այդ պատճառներից մեկն է, որ այսօր ահա մեզ թույլ է տալիս անկախություն:

Ինչու է այնուամենայնիվ, մեր սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական: Խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը չի կարող և չի ձևավորվում 1 տարում, 2 տարում, նույնիսկ 50 կամ 100 տարում, դա հարյուրամյակների տևական գործընթաց է:

Այն պետությունները, որում ապրել ենք, մեզ օտար են եղել: Եթե նույնիսկ որպես ժողովուրդ լավ ենք զգացել այդ պետությունների մեջ, նրանց նկատմամբ ունեցել ենք որոշակի օտարություն, որոշակի դիմադրություն, և այսպես նվազագույնը 600 տարի:

Եվ ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետականություն, պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, պետության մեր հիմնական արձագանքը, որովհետև վերջին 600 տարիներին մենք որպես ժողովուրդ ապրել ենք մեզ պարտադրված և ոչ թե մեր ստեղծած պետության մեջ: Հետևաբար, պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է՝ հիմա արդեն, եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել »,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ենթագիտակցությունը միևնույն է շարունակում է աշխատել:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա մի բանաձև է, որը բացատրում է 1990 թվականից մինչև օրս տեղի ունեցած բազմաթիվ կարևոր իրադարձություններ, եթե ոչ բոլոր իրադարձությունները: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print