Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, 2026-ին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանում ելույթը սկսեց շատ կարևոր անդրադարձով՝ Կոլումբիայում հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցած Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերի 16-րդ համաժողովում Հայաստանը հոկտեմբերի 31-ին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկի՝ Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր:
«Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր: 123 երկրից 65 ձայնով ընտրվեց Հայաստանը: Հայաստանը պատրաստ է հյուրընկալել COP17-ը»,- տեղեկացրեց Հակոբ Սիմիդյանը:
Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, 2026-ին։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային 6 ծրագրի ներքո ընդգրկված 23 միջոցառման համար ֆինանավորման ծավալը նախատեսվում է 13,5 միլիարդ դրամ, որը 2024-ի հաստատված բյուջեից ավելի է շուրջ 3,7 միլիարդ դրամով, ինչն էլ հիմնականում կապված է էկոպարեկային ծառայության կայացմանն ուղղված աշխատանքներով, ինչպես նաև ազդակիր համայնքներին տրամադրվող բնապահպանական սուբվենցիաների ավելացմամբ:
«Համակարգի կայացման նպատակով այս տարվա ճշտված բյուջեի համեմատ մոտ 3,6 միլիարդ դրամով ավելացել են ընդհանուր բյուջետային հատկացումները՝ կազմելով մոտ 6,4 միլիարդ դրամ, որից 5,7 միլիարդ դրամը կտրամադրվի պահպանման ընթացիկ ծախսերին, իսկ 699,4 միլիոն դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերին»,- հայտնեց Հակոբ Սիմիդյանը:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կտրամադրվի 495,7 միլիոն դրամ: Միջոցառման շրջանակում կապահովվի անհետացման եզրին գտնվող արժեքավոր ձկնատեսակների՝ Սևանի իշխանի երկու ենթատեսակների արհեստական վերարտադրությունը:
ՇՄ նախարարը տեղեկացրեց նաև՝ կարևորելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը՝ նախարարությունն իրականացրել է նաև Սևանի կողակի պաշարների վերականգնման աշխատանքներ: