ՀՀ ՖՆ-ն անդրադարձել է ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստում՝ ՀՀ 2025թ․ պետական բյուջեի քննարկման շրջանակներում, ԱԺ ամբիոնից հնչեցված մի շարք դիտարկումների:
Տնտեսական աճ
ՀՀ կառավարության 2021 – 2026թթ. ծրագրով թիրախավորվում է ՀՆԱ-ի 7% տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ։ 2025թ․ բյուջետային ուղերձ-բացատրագրում նշվում է, որ կառավարությունը նպատակադրել է 2026թ․ հասնել միջինում առնվազն 7% տնտեսական աճի: Կանխատեսված սցենարով 2021 – 2026թթ. տնտեսական աճը միջինում կկազմի 7.3%, ուստի 2025թ. համար կանխատեսված 5.6% տնտեսական աճի պայմաններում 7% միջին աճի ապահովումն ավելի քան երաշխավորվում է:
Տնտեսական աճի ներուժի բարձրացում
ՀՀ տնտեսական աճի ներուժի բարձրացման վրա, ի թիվս արտաքին գործոնների, իրենց ազդեցությունն են ունեցել կառավարության նպատակաուղղված այնպիսի քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը, ՏՏ ընկերությունների համար մրցունակ էկոհամակարգի ձևավորումը։