Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ, բյուջետային քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է հասկանանք, թե թոշակն ինչպե՞ս է ձևավորվում։ Այսօր ՀՀ-ում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու։ Այս մարդկանց մենք թոշակ տալիս ենք աշխատող մարդկանց շնորհիվ։ Իսկ Հայաստանում կա ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդ»,-ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ մարդկանց թոշակները հնարավոր կլինի ավելացնել միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից 60-300 տոկոսով ավելի լինի։
Պատճառներից մեկը, ըստ վարչապետի, այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ նպաստ են ստանում:
Փաշինյանի խոսքով՝ հիմա իրենք փորձում են դա զգուշորեն փոխել և պետք է ստանձնել այդ քաղաքական պատասխանատվությունը:
Վարչապետի խոսքով՝ եթե ամբողջ պետական համակարգի պարգևավճարները կտրենք, ապա այդ դեպքում թոշակները կբարձրանան ընդամենը 1000 դրամով:
«Բայց մենք ուրիշ բան ենք արել, այդ պարգևավճարների աշխատողների հետ աշխատել ենք, հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն նախորդ տարի միջինը 3000 դրամ հետ է ստացել: Այսինքն՝ այդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք և դրա արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք: Սխա՞լ ենք արել:
Էլ չեմ ասում՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։ Դա նշանակում է՝ առաջին անգամ ՀՀ-ն 2023-ին իր թոշակառուին տվել է այնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի այնքան կալորիա ձեռք բերի, որ չմահանա»,- նշեց վարչապետը: