Ընդհանուր 123 կմ երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման համար 1 մլրդ 260 մլն դրամ կհատկացվի

Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Ընդհանուր շուրջ 123 կիլոմետր է: Արդեն որոշ որոշումներում մենք գումար տվել ենք, և հիմա հերթական որոշումն է՝ միջին նորոգման մի քանի ճանապարհահատվածների համար գումար տալու:

Ընդհանուր այս որոշմամբ առաջարկվում է վճարել 1 մլրդ 260 մլն դրամ: 123 կիլոմետր միջին նորոգման ճանապարհների հիմնական մասն արդեն իրականացված է, և մի շարք ծրագրեր ավարտական փուլում են: 14-ից 7-ն ամբողջությամբ ավարտվել են մյուս 7-ը մոտենում են ավարտական փուլին: Մենք մյուս որոշումները կայացրել ենք, այս որոշումն էլ կայացնենք, արդեն շինարարներին կվճարենք»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց նախատեսվող միջին նորոգման աշխատանքների ուղղությունները, որոնց թվում են Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Պտղնիի հատվածում մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքները, Արզականից Աղվերան ճանապարհին՝ 6,8 կիլոմետր հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից դեպի Դսեղ տանող ճանապարհի՝ 7,54 կիլոմետր հատվածը, Բայանդուրից Գյումրի տանող ճանապարհի՝ 9,9 կմ հատվածը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print