ԶՊՄԿ վճարած հարկերը 3,6 անգամ գերազանցում են ՏՏ ոլորտի 67 ընկերությանը միասին վերցրած

Տարադրամի արժեզրկումը շարունակում է լուրջ հարվածներ հասցնել տնտեսության տարբեր ոլորտներին։ Տարադրամի արժեզրկումից թեև շատ ավելի հաճախ բողոքում են Տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) ոլորտում գործող ընկերությունները, այնուհանդերձ կան մի շարք այլ ոլորտներ, որտեղ դրա հետևանքով կորուստներն ավելի մեծ են, տեղեկացնում է 168․am-ը։

Բայց, չգիտես ինչու, խոսվում է միայն ՏՏ ոլորտի ընկերություններին որոշակի արտոնություններ, մասնավորապես՝ եկամտային հարկի տեսքով, տրամադրելու մասին։ Այն դեպքում, երբ կան տարադրամի արժեզրկումից տուժած այլ ոլորտներ, որոնք շատ ավելի մեծ դերակատարություն ունեն մեր տնտեսության մեջ։ Եվ ոչ միայն տնտեսության մեջ, այլև պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում։

168․am-ի փոխանցմամբ՝ հանքարդյունաբերությունը, որի կշիռը ՀՆԱ ձևավորման գործում անհամեմատ ավելի մեծ է, քան ՏՏ-ինը, ունի համակարգային նշանակություն տնտեսության տարբեր ոլորտների համար։

Անդրադառնալով արտահանմանը՝ աղբյուրը նշում է, որ տարադրամի այսպիսի մեծ տեմպերով արժեզրկման հետևանքով հանքարդյունաբերությունում գործող ընկերությունները ֆինանսական մեծ կորուստներ են կրում։ Լինելով տնտեսության ամենամեծ արտահանելի հատվածը՝ անգամ արտադրության ծավալների կրճատման պայմաններում, այս տարի արտահանումն ավելացել է։ Մասնավորապես, անցած տարվա 9 ամիսներին հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել էր 753 միլիոն, այս տարի կազմել է ավելի քան 785 մլն դոլար։

Բյուջեի եկամուտների ապահովման առումով ևս հանքարդյունաբերության դերակատարումը եղել և շարունակում է անգերազանցելի լինել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կարևորելով ՏՏ ոլորտի նշանակությունը, մոռանում ենք նշել, սակայն, ամբողջ ՏՏ ոլորտը շատ ավելի քիչ հարկ է վճարել պետական բյուջե, քան հանքարդյունաբերության ոլորտի միայն մեկ ընկերություն։

Այսպես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարվա ինն ամսում պետական բյուջե է փոխանցել ռեկորդային գումար՝ ավելի քան 129 մլրդ դրամ։ Այն կազմել է բյուջեի հարկային եկամուտների գրեթե 9,2 տոկոսը և խոշորների վճարած հարկերի՝ 11,9 տոկոսը։ 

Մինչդեռ այս տարվա առաջին 9 ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում, վճարած հարկերով, տեղ գտած ՏՏ ոլորտի 67 ընկերություն բոլորը միասին պետական բյուջե են վճարել 36 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար։ Այն կազմել է Պետեկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների 2,6 տոկոսը։

Ինն ամսում ՏՏ ոլորտի 67 ընկերության կողմից վճարված 36 միլիարդը, անշուշտ, լուրջ գումար է մեր բյուջեի համար։ Բայց դա առնվազն մի քանի անգամով զիջում է «ԶՊՄԿ» ընկերության կատարած հարկային պարտավորություններին։

Երբևէ մեկ հարկատու, նույնիսկ տարվա կտրվածքով, այդքան գումար չի վճարել պետական բյուջե։ Միայն Զանգեզուրի կոմբինատի կատարած վճարները գրեթե 3,6 անգամով ավելին են, քան խոշորների ցանկում հայտնված ՏՏ ոլորտի 67 ընկերությանը միասին վերցրած։ Դեռ չհաշված, թե ընդհանուր առմամբ որքան գումար է վճարել պետական բյուջե ամբողջ հանքարդյունաբերությունը։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն» 9 ամսում վճարել է շուրջ 11,7 մլրդ դրամ, «Թեղուտը»՝ շուրջ 9,4 մլրդ դրամ։ Նախորդ տարվանից մի քանի անգամ ավելի հարկ է վճարել Վալլեքս խմբի մեջ մտնող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»՝ ավելի քան 9,2 միլիարդ։ «Չաարատ Կապանը» վճարել է 4,7 միլիարդ, «Լիճքվազը»՝ 4,2 մլրդ դրամ։ Ոլորտի միայն նշված ընկերությունները միասին պետական բյուջե են փոխանցել ավելի քան 168 մլրդ դրամ։

Այս թվերը ցույց են տալիս, որ ինչպես տնտեսության, արտահանման, այնպես էլ բյուջեի մուտքերի վրա հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների դերը չափազանց մեծ է։ Ու սա այն ոլորտներից մեկն է, որը վերջին ամիսներին տուժում է տարադրամի արժեզրկման հետևանքով։

Տարադրամի արժեզրկման հետևանքով տուժող ոլորտներ տնտեսության մեջ էլի կան, ասենք՝ մշակող արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արտադրանքը հիմնականում արտահանվում է։ Խոսքը՝ նրանց մասին է, ովքեր իրացման գործարքները դոլարով ու եվրոյով են իրականացնում։

Այդպիսի ընկերությունները, դոլարի ու եվրոյի էժանացման և ազգային արժույթի ամրապնդման հետևանքով՝ ոչ միայն կորցնում են իրենց մրցունակությունն արտաքին ու ներքին շուկաներում, այլև ֆինանսական լուրջ կորուստներ են կրում։

Դոլարի ու եվրոյի արժեզրկումից տուժում է նաև տուրիզմը, կառուցապատումը, երկրի ներդրումային գրավչությունը և այլն: Եթե կառավարությունն ինչ-որ կերպ պիտի օժանդակի տարադրամի աժեզրկման հետևանքները տնտեսության մասնակիցների վրա թուլացնելու գործին, ապա դա պետք է անի բոլորի և ոչ միայն՝ ՏՏ-ի նկատմամբ։ Հատկապես որ, առանձին ոլորտներում կորուստներն ավելի մեծ են, քան միայն տարադրամի արժեզրկման ազդեցությունն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print