Հեռախոսային խարդախության զոհ դառնում են ոչ միայն Ռուսաստանի բնակիչները, այլև Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի ռուսախոս բնակիչները։ Պատճառը՝ պատժամիջոցների կիրառումից հետո գողացված գումարները ՌԴ-ից արտասահման դուրս բերելու բարդությունն է, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» «Վարկառուների իրավունքների համար» նախագծին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի ղեկավար Եվգենյա Լազարևան նշում է, որ չարագործների նպատակն է մեծացնել գործունեության մասշտաբը և ավելացնել գողացված գումարների քանակը: Ուստի երբ ռուսական բանկերի նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ կիրառել և գումարները դուրս բերելը բարդացավ, խաբեբաներն իրենց ուշադրությունը սևեռեցին նախկին խորհրդային հանրապետություններին և սկսեցին արդեն մշակված սխեմաներով աշխատել այնտեղ։
Լազարևայի խոսքով՝ այդ միտումը առավել տարածված է Ղազախստանում, քանի որ այդ երկրում ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհին զանգահարում են բանկի անվտանգության ծառայության անունից՝ ծանուցելով «ֆինանսական հեռախոսահամարը» փոխելու մասին իբրև թե գրանցված հայտի մասին: Եթե զոհը ժխտում է այդ գործողությունը, նրան միևնույնն է՝ համոզում են անել դա «հատուկ ոստիկանական հետաքննության» շրջանակներում։
Հաջորդ սցենարը, ըստ որի խաբեբաները կարողանում են գումար շորթել հետևյալն է․զոհին հայտնում են իր անունով վերցված վարկի մասին: Այն չեղարկելու համար խաբեբաներն առաջարկում են նույն գումարի չափով մեկ այլ վարկ վերցնել և գումարը փոխանցել «անվտանգ հաշվի», որն իրականում չարագործի հաշիվն է։
Նշվում է, որ այդ երկրներ զանգերի թվի աճը կարող է կապված լինել քաղաքացիների ռելոկացիայի հետ։