ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում կայացել են բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել և հաղթողի կոչմանն արժանացել է Սյունիքի մարզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի թիմը։
Աղջիկների անհատական պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Անգելինա Մկրտչյանը (Սյունիքի մարզ), Անժելա Տերյանը (Կոտայքի մարզ), Սյուզաննա Մանուկյանը (Շիրակի մարզ) և Էլեն Հովհաննիսյանը (ք. Երևան):
Տղաների պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Դորիկ Այդինյանը (Տավուշի մարզ), Գագիկ Աթաջանյանը, Վահագն Իրիցյանը, Լյովա Անդրեասյանը (երեքն էլ՝ Սյունիքի մարզ), Սարգիս Մովսիսյանը (Կոտայքի մարզ) և Գեղամ Խաչատրյանը (ք. Երևան)։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:
Պարգևատրությունը կատարել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ, մրցումների գլխավոր մրցավար Արման Փիրոյանը։
Մրցումների կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աջակցությամբ: