Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է:
Նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵՆ-ին հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 2 մլրդ 860 մլն 300 հազար դրամի չափով, և Կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵՆ-ին հատկացնել շուրջ 901 մլն դրամ՝ դրանք ուղղելով նախագծով նախատեսված ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը և վերակառուցմանը, դրանց տեխնիկական և հեղինակային հսկողությանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը, փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արդեն կատարված շինաշխատանքների՝ 5 տոկոսների վճարմանը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 1,6 կիլոմետրը, հանրապետական նշանակության՝ 8 կիլոմետրը, տեղական նշանակության ավտոճանապարհները՝ 6,4 կիլոմետր: Նախատեսված է հիմնանորոգել 3 կամուրջ և 1 հենապատ»,- ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը թվարկեց նախագծով նախատեսվող աշխատանքների ուղղությունները, որոնց թվում է Սելիմի լեռնանցքի 1,5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը, որի ավարտը 2025 թվականին է նախատեսված, մեկ այլ ուղղություն է Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Կան նաև ուղղություններ, որոնց մասով աշխատանքը կատարված է, և անհրաժեշտ է վճարել, օրինակ՝ դեպի Ախթալա տանող ավտոճանապարհին՝ Դեբեդ գետի հատման հատվածում, քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամուրջն արդեն իսկ կառուցվել է, այժմ վերաբաշխված գումարով պետք է վճարումը կատարել: