Սա ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերում։
Ավստրալիայի կառավարությունն օրենք է ընդունել, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Հինգշաբթի օրն այս հայտարարությունը հրապարակվել է այդ երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի կայքում։
«Կառավարությունն այսօր ներկայացրել է աշխարհի առաջատար օրենսդրությունը, որը սահմանում է նվազագույն տարիքը՝ 16 տարեկան սոցիալական մեդիայի օգտատերերի համար։ Սա ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերում», – ասվում է հայտարարության մեջ:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նոր սահմանափակումների պահպանման պարտավորությունը կրելու են սոցիալական ցանցերը, նրանք պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի 16 տարեկանից ցածր օգտատերերը չկարողանան հաշիվներ ստեղծել։
Օրենքը խախտելու համար թվային հարթակները կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարի չափով (32,3 միլիոն դոլար):