Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ

Արցախի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը»,-նշվում է հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print