Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները:
Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետությունում, մինչ այժմ, գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ, քանի որ բացակայում է համապատասխան կարգավորող իրավական ակտը։
Այս որոշման իրավական դրույթների կարգավորման շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների շուկաներում կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք։
Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։
Գյուղատնտեսական կենդանիների չվերահսկված վաճառքը հղի է մի շարք վտանգավոր կողմերով։ Դրանք են՝
ա) վաճառվող կենդանին կարող է ունենալ հիվանդություններ, որոնք գտնվում են դեռևս գաղտնի շրջանում և կլինիկապես կարտահայտվեն վաճառքից հետո՝ ավելի ուշ ժամանակաշրջանում։
բ) առաջանում է վարակիչ հիվանդության տարածման վտանգ մեկ վայրից դեպի մյուսը։
գ) կենդանու ֆիզիոլոգիական ցուցանիշները կարող են չհամապատասխանել առաջարկված վաճառքի գնին։
դ) չեն ստուգվում անասնաբուժական փաստաթղթերը, իսկ երբեմն էլ վերջիններս բացակայում են։
Վաճառքից հետո, այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ կարող են ծագել անցանկալի հարաբերություններ վաճառողի և գնորդի միջև։