Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր «ավելի մոտ է, քան երբևէ», Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը. «Անկասկած, դրա հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումը օկուպացիայից: Մենք Ադրբեջանի հետ պահպանում ենք երկկողմ հարաբերությունները ամենաբարձր մակարդակով և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»:
Ֆիդանը հիշեցրել է, որ կողմերը երկար ժամանակ անց առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, և ընդգծել, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ իրենք իրականացնում են Հայաստանի հետ։
«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում մենք քննարկեցինք տարածաշրջանային բոլոր հարցեր։ Հարավային Կովկաս խաղաղության և կայունության գալուն պես կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար», – եզրափակել է նա։