Լիոնում տեղի է ունեցել «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով համաժողովը

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2023-ի սեպտեմբերի իրադարձություններին։

Ֆրանսիայում ընթացող «Օվերնյ-Ռոն-Ալպ – Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 21-ին Լիոնում տեղի է ունեցել «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով համաժողովը։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Համաժողովի բանախոսներն էին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անվտանգության հարցերով լիազոր նախարար, Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Droite Républicaine խմբակցության ղեկավար, Օվերնյ-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդի հատուկ խորհրդական ու ռեգիոնի նախկին ղեկավար Լորան Վոքիեն։

Շուրջ 400 հոգու մասնակցությամբ քննարկմանը հատուկ հյուրի կարգավիճակով բանախոսել են նաև Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը և Merieux հիմնադրամի նախագահ Ալեն Մերիոն։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ ջերմ հյուրընկալության համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2023-ի սեպտեմբերի իրադարձություններին, որին անդրադառնալով՝ Սյունիքի մարզպետ նշել է․

«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու առաջին ու հիմնական պատասխանատվությունը Սյունիքինն էր, ու ընդամենը մեկ շաբաթում 120 հազար բռնի տեղահանվածի ենք դիմավորել և լուծել առաջին անհրաժեշտության խնդիրները․․․

Ամենակարևորը հենց ժողովրդի դիմադրողականությունն է, որը մեզ օգնել է հազարամյակներ շարունակ մնալ մեր հողում ու ապրել։

Այսօր Սյունիքի յոթ սյուները (համայնքներ) դարձել են ավելի ամուր՝ Օվերնյ-Ռոն-Ալպի քույր քաղաքների շնորհիվ կրկնապատկվել են ու 14-ն են․ սա էլ հենց այս ամենի բուն նպատակն է»։

Նախարար Նիկոլա Դարագոնը կառավարության անունից ողջունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև հաստատված և շարունակաբար զարգացող համագործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ Լիոնում ընթացող միջոցառումները վկայությունն են այն անխախտ բարեկամության, որով կապված են հայ և ֆրանսիացի ժողովուրդները։ Նա շեշտել է նաև, որ Սյունիքը Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի հետ համագործակցող առաջին մարզն է։

Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նոր ղեկավար Ֆաբրիս Պանկուքը հավաստիացրել է, որ նույն արդյունավետությամբ կշարունակվի այն բարեկամությունն ու համագործակցությունը, որ հաստատվել է մարզերի միջև պարոն Լորան Վոքիեի օրոք։

Քննարկումներն ընթացել են ինտերակտիվ եղանակով՝ հարցուպատասխանի ձևաչափով:

Բանախոսները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, առկա հումանիտար խնդիրները և այդ համատեքստում ընդգծել են համաժողովի՝ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրի ընտրության կարևորությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print