Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ 300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։
«ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույլտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։
Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կնքված այն պայմանագրերի վրա, որոնց պարագայում շինարարական աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, քանի որ շինարարության թույլտվությունների ստացումը դեռ ընթացքի մեջ է։
Ինչպես նշում է Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը, շինարարը շինհրապարակում պահեստավորելու է մեկնարկային փուլի՝ մինչև 0 նիշը նախատեսված հիմքի, հիմնակմախքի աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ պարտավորվելով պահպանել որակական հատկանիշները և քանակը։ Տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունները կազմելու են արձանագրություն՝ ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան շինանյութերի առկայության վերաբերյալ, որը պատվիրատուն ստորագրելու է 10-օրյա ժամկետում՝ վճարումները կատարելով ըստ սահմանված ժամանակացույցի։
«Դպրոցների շինարարական ծրագրերն իրականացվում են տիպարային նախագծերով՝ տեղանքից կախված կատարելով տեղակապման աշխատանքներ։ Իսկ դպրոցների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ, և հստակեցված են կառուցման վայրերը։ Ուստի հնարավորություն է ստեղծվում մոտ 1-2 ամիս ժամանակ տնտեսել՝ մինչև շինարարության թույլտվության ստացումը կազմակերպելով նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերի պահեստավորումը, փաստաթղթային ձևակերպումների իրականացումը»,- ընդգծում է Մասիս Աղայանցը։ Ըստ նրա՝ այս եղանակով համաձայնագրեր կկնքվեն կոմիտեի համակարգմամբ իրականացվող 14 ծրագրերի դեպքում։