Հանքարդյունաբերությունը ոլորտ է, որը մշտապես պետք է լինի պետության, պրոֆեսիոնալների և հանրության ուշադրության կենտրոնում: Այս մասին ասել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ԶՊՄԿ 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է 168․am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերության ներկայացուցիչները, փորձագետներն ու մասնակիցները քննարկեցին ՀՀ հանքարդյունաբերության մոդեռնիզացիային, ներդրումային հնարավորություններին, կայուն զարգացմանն առնչվող հարցեր:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին իր շնորհավորական ելույթում անդրադառնալով կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակմանը՝ նկատեց, որ այն կարևոր նշանակություն ունի ընկերության զարգացման ճանապարհին՝ մոդեռնիզացիայով դառնալու առաջնորդ ոչ միայն երկրում, այլև տարածաշրջանում:
«Մեր նպատակն է, որ եկող տարում, երբ կհրապարակվի հաջորդ հաշվետվությունը, մենք որպես ընկերություն և թիմ՝ կարողանանք հպարտանալ կայուն զարգացման բոլոր ցուցանիշների առաջընթացով»,- շեշտեց Ռոման Խուդոլիյը:
Վերջինս շեշտեց՝ հանքարդյունաբերությունը ոլորտ է, որը մշտապես պետք է լինի պետության, պրոֆեսիոնալների և հանրության ուշադրության կենտրոնում:
«Այսօր հանքարդյունաբերությունն ապահովում է ՀՀ արտահանման 40 տոկոսը, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով արդյունաբերությունն ապահովել է բյուջեի եկամուտների շուրջ 20 տոկոսը:
Այս տարի մենք ապահովել ենք բյուջեի եկամուտների ռեկորդային ցուցանիշ՝ 9 ամիսների տվյալներով ԶՊՄԿ-ն բյուջե է փոխանցել 130 միլիարդ դրամ և մինչև տարեվերջ ենթադրում ենք թիվը մեծացնել մինչև 150 միլիարդ դրամ»,- հավելեց Ռոման Խուդոլին՝ նկատելով, որ իրենց դիրքերը շարունակում են ամրացնել՝ որպես վստահելի գործընկեր:
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն առաջին հաշվետվությունը ներկայացնելով նշեց՝ հետևելով միջազգային մոտեցումներին՝ պարտավորվել են տարեցտարի բարելավել զեկույցի որակը:
«Որպես պատասխանատու հանքարդյունաբերողներ՝ մեզ համար կարևոր է մեր աշխատակիցների անվտանգությունը. գիտակցելով մեր ոլորտի բարձր ռիսկայնությունը և ներկա խնդիրները՝ մենք առաջին հերթին փորձում ենք ներդնել այնպիսի մոդելներ, որոնք միտված են նվազեցնելու պատահարների քանակը, նաև՝ առավել բարելավել մեր աշխատակիցների աշխատանքային պայմանները, քանի որ մեր աշխատակիցներն ամենակարևոր շահառուներն են:
Սոցիալական տեսանկյունից՝ ավելի շատ միջոցներ են ներդրվում համայնքային զարգացման մեջ: Պետք է օպտիմիզացիայի ենթարկել կարևորագույն ռեսուրսների օգտագործումը՝ ինչպես, օրինակ, ջուր, էլեկտրաէներգիայի սպառումը, բարելավել թափոնների կառավարումը: Մեր բոլոր մեխանիզմները միտված են նաև բնապահպանական միջոցառումների ճիշտ կիրառմանը»,- զեկույցի մի քանի բաղկացուցիչների անդրադարձավ Արմեն Ստեփանյանը:
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը տեղեկացրեց նաև որ զարգացման ռազմավարության մեջ այս տարվանից բարեգործական ծրագրերին աստիճանաբար փոխարինելու են գալու սոցիալական ներդրումները, որոնք կնպաստեն նաև աշխատատեղերի ստեղծմանը:
Ի դեպ, աշխատատեղերի մասին Արմեն Ստեփանյանը նկատեց՝ ԶՊՄԿ-ն ոչ միայն կոնկրետ մարզում, այլև ամբողջ երկրում խոշորագույն և ցանկալի գործատուներից է, ինչը պարտավորեցնող է:
Լրագրողների հետ զրույցում արդեն նա «Կայուն զարգացում» միջազգային սահմանումը ներկայացրեց սեփական բանաձևումով՝ «մեր այսօրվա ռեսուրսները շահագործենք այնպես, որ մեր ապագա սերունդներին թողնենք միջավայր, որը կլինի պիտանի ապրելու և զարգանալու համար, և ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի հանքարդյունաբերությունից»:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս հանքավայրերի շահագործումը դիտարկեց բնապահպանական և ապագայահայաց տեսանկյունից:
«Մենք այս ոլորտում երկու կարևոր բան պետք է նկատի ունենանք. առաջինը՝ շահագործման ընթացքում փորձել հնարավորինս քիչ վնաս հասցնել բնությանը: Կայուն զարգացման տեսանկյունից նաև կարևոր է, որ մենք ոչ միայն սոցիալական, բնապահպանական, տնտեսական և այլ ծրագրեր հաշվի առնենք, այլև այնպես շահագործենք հանքավայրերը, որ հաջորդ սերունդներին արդարացիորեն հնարավորություն տանք, որ նրանք ևս կարողանան բնության այդ ռեսուրսներից օգտվել:
Ինձ ուրախացնում է հետևյալը, որ մեր հանքարդյունաբերական տարբեր տարածքներում, այդ թվում՝ ԶՊՄԿ-ում, առկա խնդիրներին զուգահեռ՝ բավական ակտիվ աշխատանք է տարվում այս ուղղությամբ»,- նշեց նախարարը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք՝ ընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր ՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ֆինանսական մասնակցությունը ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սուբվենցիոն ծրագրերին համագործակցության շրջանակներում հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի։ Ծրագրերն իրականացվել են հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում, որտեղ գտնվում են «ԳեոՊրոՄայնինգի» ակտիվները: