Առանձնակի կարևորելով համայնքում կանաչ գոտիների ընդլայնմանն ու կանաչապատ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը, նոյեմբերի 23-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Գործարանային փողոցի ճանապարհի երկայնքով իրականացրել են ծառատունկ։ Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
«Նշված տարածքում տնկվել է շուրջ 270 Սոսի արևելյան տեսակի ծառ, որը հարմարված է տեղի բնակլիմայական պայմաններին, ունի վրանաձև սաղարթ, կարողանում է դիմակայել ծխին, փոշուն և շոգին»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ համայնքապետարանը նախատեսում է իր գործընկերների հետ միասին քաղաքի տարբեր հատվածներում տնկել մինչև 1000 ծառ, որոնց հետագա խնամքով զբաղվելու է «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը: