▶Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը

Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Այս մասին իր ողջույնի խոսքում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում մեկնարկած ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստում, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Վաղը տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար: Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»,-հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ օրակարգին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մոտ երկու տասնյակ փաստաթղթեր կան, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

«Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում, և առաջարկում եմ սկսել աշխատանքները»,-ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print