Նշված համաձայնագրի շրջանակներում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը (PSR – periodic safety review) դիտարկելու հարցում:
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին:
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։
Հայաստանը CEPA- ով սահմանված միջոցառումների ժամանակին և ամբողջական կատարումն ապահովելու նպատակով մշակել է ճանապարհային քարտեզ։
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները:
Նշված համաձայնագրի շրջանակներում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը (PSR – periodic safety review) դիտարկելու հարցում:
Համաձայնագրով նախատեսված խնդիրների իրականացման համար, ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող օժանդակության առավելագույն չափը կազմում է 12 900 000 եվրո։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի կնքումը գտնում է նպատակահարմար։