Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ պաշտոնից ազատելով նախարարների: Տեղեկությունը հրապարակվել է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։
Համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանը:
Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԺՊ է նշանակվել նրա առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը:
Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։ Նրան ժամանակավորապես կփոխարինի տեղակալ Հասմիկ Մինասյանը:
Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից: Պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:
Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: ԺՊ է նշանակվել նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանը։
Եվս 4 պաշտոնյա` արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նույնպես ազատվել են պաշտոններից ու նշանակվել ժամանակավոր պաշտոնակատարներ։