Գազալցակայանի պայթյունի առթիվ հարուցվել է վարույթ

Քննչական կոմիտեից հայտնում են. «2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։

Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն:

Բացի այդ, փակվել ու կնիքվել է գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:

Նախաքննությունը շարունակվում է»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print