Վերջին 2 տարում Հայաստանն առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել․ Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում

Մինչ օրս ՀԱՊԿ անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Փաստացի մինչ օրս կազմակերպության անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ–ի վարկանիշին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Իմ գնահատմամբ` սա Հայաստանի ամենամեծ անհաջողությունն էր որպես ՀԱՊԿ նախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ այսօր ավարտվում է ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունը։ Այս շրջանը բավական հագեցած էր, քանի որ նշում էին ՀԱՊԿ–ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ–ի ստեղծման 20-ամյակը։

«Ցավոք, մեր տրամադրությունն այնքան էլ հոբելյանական չէ։ Վերջին 2 տարում Հայաստանն առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի է ենթարկվել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը խոսեց նաև հաջողություններից` որպես օրինակ նշելով Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարդ Տոկաևի ՝ ընթացիկ տարվա հունվարին երկրում իրավակարգի վերականգնման հարցում աջակցելու խնդրանքը. «Այս դեպքում մենք մեկ գիշերվա ընթացքում հարցը լուծեցինք, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներպետական քաոսից»։

Անդրադառնալով նիստի օրակարգին, ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի համաձայնեցնել իրենց մոտեցումները, հասնել արդիական խնդիրների շուրջ համակարգված հավաքական փոխգործակցության:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print