Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների պատվիրակությունների միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում, որը վերաբերում է Գազայի հատվածի կառավարմանը: Այս մասին հայտնել Է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը։
Համաձայն այդ համաձայնագրի՝ Գազայի հատվածի կառավարումն իրականացվելու է Գազայի հատվածի հարցերի աջակցության կոմիտեի կողմից, ընդ որում Պաղեստինյան ինքնավարության կառավարությունը լինելու է դրա լիազոր մարմինը:
Փաստաթղթի համաձայն՝ այդ կոմիտեն գործելու է Արևմտյան ափի, Կուդսի գրավյալ տարածքի և Գազայի հատվածի քաղաքական համակարգի շրջանակներում, և դրա ստեղծումը չի հանգեցնի Գազայի անջատմանը Պաղեստինի գրավյալ հողերի այլ մասերից:
Գազայի հատվածի հարցերի աջակցության կոմիտեն կձևավորվի պաղեստինցի ազգային գործիչների 10-15 ներկայացուցիչներից, որոնք ունեն անհրաժեշտ որակավորումներ և արժանիք:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կոմիտեի աշխատանքը նախաձեռնվելու է Կահիրեում պաղեստինյան բոլոր խմբակցությունների հանդիպման անցկացումից հետո՝ դրա ձևավորման վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար: