Մասնագիտական մի շարք աշխատանքներ հարկման հատուկ համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ. նախագիծ

Հարկման հատուկ համակարգերն իրականում հարկման արտոնյալ համակարգեր են, և սա՝ որպես հետևանք, առաջացնում է վիճակ, երբ համեմատաբար խոշոր տնտեսվարող սուբյեկտները փորձում են ամեն կերպ հայտնվել և մնալ շրջանառության հարկի համակարգում, այդ թվում՝ իրացման շրջանառության իրական ծավալները թերհայտարարագրելու ճանապարհով: Այս համատեքստում առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը: Այդ մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Քաղաքականությունը հայտարարված է: Առաջին փուլով նույնիսկ արդեն իրացված է: Խոսքն այն մասին է, որ ամռանը կատարված օրենսդրական փոփոխություներով մասնագիտական երկու ծառայություններ՝ փաստաբանական և նորտարական գործունեությունը, 2025 թվականի հունվարի 1-ից տեղափոխվելու են հարկման ընդհանուր համակարգ: Այդ նախաձեռնությունը, որը քննարկվում է, շարունակություն է հայտարարված քաղաքականության»,- ասաց նա:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր 1 տասնյակ մասնագիտական ծառայություններ տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ, բայց քննարկումների արդյունքում, ըստ նախարարի տեղակալի, կա նախնական տրամադրվածություն, որ 1 տասնյակ մասնագիտական ծառայություններից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվեն ընդգծված մասնագիտական բնույթ կրող ծառայությունները և այն ծառայությունները, որոնց նմանատիպ ծառայություններն արդեն իսկ հարկման ընդհանուր համակարգում են. խոսքը իրավաբանական գործունեության, հաշվապահական հաշվառման գործունեության և ֆինանսական խորհրդատվության խմբի ծառայությունների մասին է:

«Մնացյալ ծառայությունները, որոնք ներկայացված էին նախագծով, նախատեսվում է այլ լուծման տրամաբանությամբ փոփոխության ենթարկել, այն է՝ նախատեսել, որ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, այսինքն՝ շահութահարկ վճարող տնտեսվարող սուբյեկտները, երբ աշխատանքներ և ծառայություններ ձեռք կբերեն այս մասնագիտական ծառայությունների ներքո, իրավունք չեն ունենա շահութահարկով հարկման բազան նվազեցնել այդ ծառայությունների գծով կատարվող ծախսերի մասով»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print