Ֆրանսիայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել կառավարությանը, ինչը նշանակում է, որ այն պետք է հրաժարական տա: Այս զարգացումների ֆոնին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է հանդես գալ ժողովրդին ուղերձով։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ուղերձը նախատեսված է հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին): Հեռարձակումը տեղի կունենա Ելիսեյան պալատից։ Արդյոք Մակրոնը կնշանակի նոր վարչապետի անունը, առայժմ հայտնի չէ։
Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը վարչապետ Միշել Բառնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև է ընդունել։ Անվստահության քվեին կողմ է քվեարկել 331 պատգամավոր։ Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն Պիվեն հայտարարել է, որ Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Բառնիեն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի հանրապետության նախագահին։
Հայտնի է, որ բանաձևը պատմական քայլ էր՝ Ֆրանսիայի կառավարությունը 1962 թվականից ի վեր առաջին անգամ արձակել է խորհրդարանը։ Միշել Բառնիեի կաբինետը գոյատևել է ընդամենը 90 օր և դարձել ամենակարճը Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ։