Փաստաթղթով նախատեսված բաղադրիչներից են հարկաբյուջետային, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավումը եւ ամրապնդումը, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը:
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր եւ Ենթածրագիր 2»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավվել բյուջետային աջակցության վարկ` 89,469,000 եվրոյի չափով: Համաձայնագիրն ուղղվելու է «ՀՀ 2024 թվականի բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Համաձայնագրի վավերացման հարցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Պարզաբանելով վարկավորման պայմանները` նախարարը նշել է, որ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 30-ն է, տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի տարեկան տոկոսադրույք` 6-ամսյա Euribor + 0.5 տոկոս մարժա: Պարտավորության վճարը կկազմի տարեկան 0.15 տոկոս դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է պայմանագրի ստորագրման ամսաթվից 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Վարկի սպասարկման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը եւ սեպտեմբերի 15-ը: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը` 3 տարի:
Փաստաթղթով նախատեսված բաղադրիչներից են հարկաբյուջետային, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավումը եւ ամրապնդումը, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը: Հաջորդը ֆինանսական գործիքների եւ ներդրողների բազայի ընդլայնումը եւ կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացումն է: Այն համալրվել է նաեւ տեխնիկական աջակցությամբ` ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարություններում, ՀՀ կենտրոնական բանկում եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նպատակային բարեփոխումների իրականացմանն աջակցելու համար:
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ պարզաբանումներ պատգամավորների հարցադրումների վերաբերյալ, որոնք վերաբերել են ֆինանսական գործիքների եւ կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխումներին, պետական մասնակցություն ունեցող կորպորացիաների, մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների մասով պահանջների ներդրմանը: Քննարկվող հարցի շրջանակում անդրադարձ է եղել իրականացվող ներդրումային քաղաքականությանը, պետական պարտատոմսերի եւ արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այս մասին հայտնել է Դավիթ Կարապետյանը: