Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում ժամանակավոր արգելք սահմանեց Հայաստանից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։
Այդ իսկ նպատակով այդ ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանումը համարվել է լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափ։
Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։
Սույն գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս):
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա՝
ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:
Իրականացնել սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում,
Իրականացնել սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինում։