ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր, որի շրջանակներում իրականացվել են համալիր ստուգայցեր։  Այցի նպատակն էր ուսումնասիրել մարզային փրկարարական ծառայության ստորաբաժանումների աշխատանքը, ստուգել գույք-սարքավորումների սարքինությունը, տեխնիկական զինվածությունը և անձնակազմի պատրաստականությունը՝ հատկապես ձմեռային սեզոնին առկա վտանգներին հակազդելու ուղղությամբ։

Գնդապետ Կարապետյանն այցելել է ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ, եղել Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում՝ նպատակ ունենալով տեղերում հետևել ծառայության ընթացքին և ծանոթանալ առկա խնդիրներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել ձմեռային սեզոնին ընդառաջ ծառայության պատրաստվածությանը, անդրադարձ է կատարվել հատկապես առատ ձյան տեղումների, ձնաբքի, մերկասառույցի հետևանքով ավտոճանապարհների դժվարանցանելիության պայմաններում մարդկանց հրատապ օգնության կարևորությանը և տարաբնույթ սցենարների բարդացման իրավիճակում ստորաբաժանումների պատրաստականության ապահովմանը։

Տնօրենի տեղակալը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ գնդապետ Դավիթ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ստուգայց է իրականացրել նաև մարզում ծավալված առաջնային օգնության կետում։ Տեղում ստուգվել են առաջնային օգնության կետի համալրվածությունը, քննարկվել այն տեխնիկական հնարավորությունները, որոնք տրամադրված են արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին հասանելի, արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար։

Ստուգայցի ընթացքում ներկայացվել են ծառայության կրման առանձնահատկությունները՝ մասնավորապես միջպետական ավտոճանապարհին մշտապես առաջացող խնդիրները՝ պայմանավորված ճանապարհների  դժվարանցանելիության, բարդ ռելիեֆային տեղանքով և այլ արտակարգ գործոններով։

Եգոր Կարապետյանը կարևորել է արտակարգ պայմաններում աշխատելու  անձնակազմի պատրաստականությունը և համալրվածությունը, հրահանգավորել ինտենսիվ տեղումների ընթացքում առավել զգոնություն ցուցաբերել՝ քարշակումների, ուղեկցումների և մարդկանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, միաժամանակ հորդորել բոլոր աշխատակիցներին գիտակցել իրենց պատասխանատվությունը՝ պատրաստ լինելով արագ գործելու ցանկացած իրավիճակում, քանի որ հաճախ կարող է բարդանալ ծառայողների աշխատանքը։

Շրջայց է իրականացվել նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ նոր ներդրված ազդարարման համակարգի աշխատանքներին ծանոթանալու նպատակով, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակներում ազդարարման գործընթացը պատշաճ իրականացնելու համար։ Անձնակազմի հետ զրույցի ընթացքում ընդգծվել է փրկարարական ծառայողների օրենքով սահմանված բարեվարքության և մասնագիտական էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ դրանց պահպանումը հատկանշական է փրկարարական ծառայության հեղինակության և մասնագիտական վարքագծի օրինակ ներկայացնելու նպատակով։

Աշխատանքային այցի ավարտին Տնօրենի տեղակալը տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ, որոնց նպատակը ծառայության արդյունավետության բարձրացումն է։ Նա նշել է, որ պետք է վերանայվի գործողությունների համակարգը, ճշտվեն ընթացակարգերը և կատարելագործվեն արձագանքման մեխանիզմները։ Կարևորվել է նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների միջև համագործակցությունը, քանի որ Սյունիքի մարզի տարածքում բարդ ռելիեֆը և միջպետական ավտոճանապարհների դժվարանցանելիությունը հաճախ առաջացնում են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են համատեղ աշխատանք և լիարժեք պատրաստվածություն։

Նման այցերը և ստուգումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ տեղային խնդիրները, համապատասխան համակարգման կարիքները, ինչպես նաև արագ արձագանքման մեխանիզմների բարելավման հնարավորությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print