Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին:
«Հույս ունեմ, որ այս ձևաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»,-նշել է Փաշինյանը:
Ընդգծելով տարածաշրջանային անվտանգության, եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը՝ ՀՀ վարչապետը նշել է՝ «հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է.
Իր հերթին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շնորհավորել ՀԱՊԿ-ում հաջող նախագահության ավարտի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանն այդ աշխատանքն իրականացրեց շատ բարձր մակարդակով, ակտիվորեն:
«Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 9 ամիսներին այն արդեն աճել է 67 տոկոսով: Այո, դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց, անկասկած, այն կլինի հիմք նաև ապագայի համար: Այստեղ որևէ կասկած չկա:
Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա: Շնորհակալ եմ հրավերի համար»: