Վերին Լարսում դարձյալ կուտակումներ են

Վերին Լարսի անցակետում ռուսական կողմում հերթում սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար։ Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց բեռնափոխադրող Վարուժան Քոլյանը։ Նրա խոսքով՝ եղանակային պայմանների պատճառով անցակետը երկար ժամանակ փակ էր, հիմա գործում է, բայց կուտակումները չի հաջողվում վերացնել։ Հերթը հիմնականում Ռուսաստանից դեպի Վրաստան հատվածում է, այսինքն՝ Հայաստան եկող բեռնատարներն են հերթում սպասում։ Իսկ Վրաստանից դեպի Ռուսաստան հերթում ընդհանուր սպասում է մոտ 2000 մեքենա, որի փոքր մասն են կազմում հայկական բեռնատարները։

«Մեքենաներ կան, որ ռուսական կողմում 10 օրից ավելի կանգնած են։ Որպես կանոն՝ ամանորյա տոներին ընդառաջ բեռնափոխադրումների ծավալը մեծանում է, եւ ներկրման, եւ արտահանման ծավալներն ավելանում են այդ հատվածում։ Բայց քանի որ եղանակային պայմաններից ելնելով՝ անցակետը հաճախակի է փակվում, կուտակումներն այս ժամանակահատվածում շատ են լինում։ Եվ ստացվում է, որ ամեն տարի այս հատվածում բեռնափոխադրողները վնաս են կրում։ Կանգնած մեքենան արդեն վնաս է, ցանկացած մեկ օր ուշ տեղ հասնելը թանկ է արժենում բեռնափոխադրողի համար»,- ասաց Քոլյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print