Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքում

Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել և վարորդն արգելափակվել է խցիկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանի հենակետից 1-ական մարտական հաշվարկ։

Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print