Հարավային Կորեայի կոռուպցիայի հետաքննության բյուրոյի գլխավոր դատախազը հրամայել է երկիրը լքելու արգելք սահմանել նախագահ Յուն Սուկ Յոլի նկատմամբ, որը ներկայումս գտնվում է հետաքննության մեջ՝ անցած շաբաթ ռազմական դրություն հայտարարելու պատճառով, գրում է BBC-ն։
Ելքի արգելքներ են սահմանվել նաև Յունի վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի էին դուրս եկել կարճատև ռազմական դրության հրամանից հետո՝ պահանջելով Յունի հրաժարականը։ Սակայն Յունին իմփիչմենթի ենթարկելու քվեարկությունը տապալվեց շաբաթ օրը, և իշխող «Ժողովրդական ուժ» կուսակցությունը (ԺԿԿ) փոխարեն ասաց, որ իր կուսակցության առաջնորդը և վարչապետը կղեկավարեն երկիրը մինչև «պաշտոնավարման ժամկետի ավարտը»:
Կիրակի օրը հրապարակային ելույթում «Ժողովրդական ուժ» կուսակցության ղեկավար Հան Դոնգ-Հունը հայտարարել է, որ Յուն այլևս չի ներգրավվի արտաքին և ներքին գործերին մինչև իր վաղաժամկետ հրաժարականը, հավելելով, որ վարչապետ Հան Դաք Սուն միևնույն ժամանակ կառավարելու է կառավարության գործերը: «Նախագահը չի զբաղվի պետական գործերով, այդ թվում՝ դիվանագիտությամբ, մինչ իր հեռանալը»,- ասել էր կուսակցության առաջնորդ Հանը։
Դեմոկրատական կուսակցության ղեկավար Պակ Չան-Դեն առաջարկված ծրագիրը նկարագրել է որպես «ապօրինի, հակասահմանադրական երկրորդ ապստամբություն և երկրորդ հեղաշրջում»: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կիմ Մին Սեոկը նույնպես քննադատել էր ծրագիրը՝ ասելով, որ «ոչ ոք չի տվել» «Ժողովրդական ուժ» կուսակցության առաջնորդ Հանին նման որոշումներ կայացնելու լիազորություն։
«Վարչապետի և իշխող կուսակցության հայտարարությունը, որ նրանք համատեղ կիրականացնեն նախագահի լիազորությունները, որոնք ոչ ոք նրանց չի տվել, ակնհայտորեն հակասահմանադրական է»,- ասված է Korea Herald-ում:
Ընդդիմությունը խոստացել է Յունի դեմ իմպիչմենտի քվեարկություններ անցկացնել ամեն շաբաթ օր: Սոցցանցերում շատ հարավկորեացիներ բարձրաձայնում են իրենց մտահոգությունները՝ ասելով, որ հստակություն չկա, թե ով է ղեկավարում երկիրը:
Շաբաթ օրը Յունը առաջին անգամ խոսեց ռազմական դրության հայտարարելուց հետո՝ խոստանալով, որ այլևս ռազմական դրության կարգ չի մտցնի և ներողություն խնդրեց իր հայտարարության պատճառով առաջացած «անհանգստության և անհարմարության» համար։
Այնուամենայնիվ, ընդդիմությունը պնդել է, որ իրենք «չեն հրաժարվի» Յունին իմփիչմենթի ենթարկելու գործընթացից։ «Մինչև Սուրբ Ծնունդ և տարեվերջ մենք անպայման կվերադարձնենք այս երկիրը նորմալ վիճակի և այն ձեզ կտանք որպես Սուրբ Ծննդյան և տարեվերջյան նվեր», — ասել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Ջե-Մյունը հիասթափված ցուցարարներին շաբաթ օրը իմպիչմենտի անհաջող փորձից հետո: