Նոր առևտրային երթուղու գործարկման շուրջ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ սեպտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումը չի կայացել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Նշված հանդիպումը չի կայացել Իրանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների (Իրան-Իսրայել սրված հակամարտություն-խմբ.) պատճառով»,-նշել են գերատեսչությունում:
Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման վերաբերյալ նախնական քննարկումները, սակայն դրա գործարկման վերջնական ժամկետները դեռևս անորոշ են:
Անհասկանալի է մնում նաև Հայաստանի դերը իրանական Չաբահար նավահանգստի կառավարման գործում։
«Նավահանգստի հարցում Հայաստանի մասնակցության ձևաչափը դեռ քննարկվում է»,-նշել են գերատեսչությունում:
Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահարը զգալի լոգիստիկ ներուժ ունի և առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար: Անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ավարտից հետո այս նավահանգիստը կարող է առանցքային տրանսպորտային հանգույց դառնալ հայկական ընկերությունների համար։
Վերջերս էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ հայկական պատվիրակության Իրան կատարած այցի ժամանակ հայկական և իրանական տրանսպորտային ընկերությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հաջորդ քայլը կլինի համաձայնագրի կնքումը, որը հայկական ընկերություններին թույլ կտա օպերացիոն գործունեություն սկսել նավահանգստում։
Հայաստանի տարածքով նախատեսվող երթուղին ենթադրում է բեռների առաքում Հնդկաստանի և Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Եվրոպա և ԵԱՏՄ։ Սխեմայի համաձայն՝ հնդկական Մումբայ նավահանգստից ապրանքները կարող են առաքվել Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով տեղափոխվել Հայաստան, ապա՝ Վրաստան։
Վրացական նավահանգիստներից բեռները կարող են ուղղվել կամ Բուլղարիա և Հունաստան, կամ «Վերին Լարսով»՝ Ռուսաստան։
Երթուղին կարևոր է ինչպես Իրանի, այնպես էլ Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց լոգիստիկ ուղիները: Հայաստանն իր հերթին ակնկալում է ամրապնդել իր դիրքերը որպես տարանցիկ երկիր։