Այս տարեվերջին ակնկալվում է 6%, իսկ 2025 թվականին` 5% տնտեսական աճ. ԿԲ

2024 թվականի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 7%, ԿԲ–ն ակնկալում է 6,1–6,8%, Համաշխարհային բանկը` 5,5% տնտեսական աճ։

ՀՀ կենտրոնական բանկն այս տարեվերջին ակնկալում է մոտ 6% տնտեսական աճ: Ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով` մյուս տարվա համար ԿԲ–ն ակնկալում է, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու, այսինքն՝ 5 %–ի շրջանակում` կախված սցենարից:

Գալստյանը նշեց, որ բարձր անորոշության պայմաններում հաշվի առնելով գների կայունացմանը հասնելու իր հանձնառությունը` ԿԲ խորհուրդը քննարկում է մի քանի սցենար։

««Ա» սցենարով տնտեսական աճն ավելի բարձր կլինի, իսկ «Բ» սցենարով` ավելի ցածր, սակայն, դա չի խանգարի, որ 2025 թվականին ունենանք սոլիդ աճ»,– նշեց ԿԲ նախագահը:

Գալստյանն ավելացրեց, որ տնտեսական աճի վրա դեռևս շարունակում են ազդեցություն ունենալ շինարարության և ծառայությունների ոլորտները։

Նշենք, որ 2024 թվականի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 7%, ԿԲ–ն ակնկալում է 6,1–6,8%, Համաշխարհային բանկը` 5,5% տնտեսական աճ։ Եվրասիական փորձագիտական ակումբը 2024 թ. տարեվերջին կանխատեսում է 8,5%–ոց տնտեսական աճ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print