Սյունիքում խոշոր չափի թմրամիջոցների դեպք է բացահայտվել

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման ամենաաղմկահարույց դեպքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Մեղրի-Երրևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն:  

Տեղում գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի և Կապանի պարեկների կողմից իրականացվում է հսկողություն ու արդեն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում են: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ նրանից հետաքրքրվում են, թե արդյոք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է, որ ոչ, ու այդ ժամանակ, երբ պարեկները փորձում են արդեն ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի:  

Արդեն փախուստի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա պարեկներին հաջողվում է  վնասազերծել նրանց, իսկ ձորում հայտնաբերում են կասկածելի փաթեթները՝ լցված թմրամիջոցի նմանվող զանգվածներով:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ 44-ամյա Ա. Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ա. Ոսկանյանն է:

Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը պարզում է, որ հայտնաբերվել է 3981 գ «մարիխուանա», 5474 գ «հերոյին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և 2000 հատ «մեթադոն» տեսակի դեղահաբ:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ա. Բաղդասարյանն ու Ա. Ճաղարյանը ձերբակալվել են:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print