ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներթափանցման վտանգը նախկինի պես մեծ է։ Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին իր ելույթում այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` Աֆղանստանում բավական բարդ իրավիճակ է, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության շրջանում ծայրահեղական գաղափարախոսության տարածումը մեծացնում է տարածաշրջանում արմատականների ակտիվացման վտանգը:
«Սա, ըստ էության, վերաբերում է մեր բոլոր երկրներին»,-ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է շարունակեն սերտորեն համակարգել աշխատանքը աֆղանական խնդիրների բոլոր ասպեկտների շուրջ, իսկ իրավասու ծառայությունները պետք է շարունակեն աշխատանքն ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի դեմ սպառնալիքները ժամանակին բացահայտելու նպատակով:
Պուտինը շեշտեց` պետք է չեզոքացնել այդ սպառնալիքներն իրենց արդյունավետությունն ապացուցած համատեղ հատուկ գործողությունների և օպերատիվ միջոցառումների շնորհիվ։
«Մենք կաջակցենք Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը»,–ասաց նա։
ՌԴ նախագահը հիշեցրեց, որ Մոսկվայում անցած շաբաթ կայացել է այդ թեմայով հերթական նիստը։ Այս պահին առաջնային խնդիր է աֆղանական ներառական կառավարության ապահովումը, որում կընդգրկվեն բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները: