ՀԱԷԿ-ը սերտիֆիկացվել Է միջազգային ստանդարտներին համապատասխան որակի և շրջակա միջավայրի կառավարման համար

Դեկտեմբերի 10-ին «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին հանձնեց ԻՍՕ 9001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 9001-2016) «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» եւ ԻՍՕ 14001:2015 «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտների համապատասխանության հավաստման սերտիֆիկատները:

Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստման գործընթացը ներառում էր «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ աուդիտորական խմբի կողմից «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման հայտերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի, գրառումների եւ տվյալների վերլուծությունը, տեղում աուդիտների անցկացումը, որոնց արդյունքներով ընդունվել են սերտիֆիկացման վերաբերյալ որոշումներ:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանն իրենց մտքերը փոխանակեցին ՀՀ-ում Էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտների պահանջների ներդրման կարեւորության մասին:

Կողմերը նաեւ նշեցին, որ սերտիֆիկատների ստացումը հաստատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ ներդրված կառավարման ինտեգրված համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին եւ շնորհակալություն հայտնեցին աուդիտորներին կատարած աշխատանքի համար:

Սերտիֆիկացման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ հաստատված ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչեւ 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին համատասխան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print