Հնարավոր է սկսենք Հորադիզ–Մեղրի– Օրդուբադ– Սադարակ– Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում ունեցած առանձնազրույցի մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական ու լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք ու սկսենք Հորադիզ–Մեղրի– Օրդուբադ– Սադարակ– Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ նախորդ փորձը հաշվի առնելով, չի շտապում լավատեսություն հայտնել, այլ պարզապես արձանագրում է իրողությունը։
«Այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի։ Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»,– ասաց Փաշինյանը` ակնարկելով ծրագրի վերաբերյալ միջազգային կառույցների հետաքրքրվածութոյւնն ու Հայաստանի` ներկա պահին բավական բարձր մակարդակի վարկային հնարավորությունները։
Հավելենք, որ ՏԿԵ նախարարությունը ծրագրի արժեքը շուրջ 226 մլն դոլար էր գնահատել, իսկ երկաթուղու ֆինանսական եկամտաբերությունը` 5 տոկոս։