Ազգային անվտանգության ծառայության մարմիններից պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին մարմին, որը կլինի վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է 1lurer.am-ը։
Ներկայացնելով նախագիծը՝ ԱԽ քարտուղարը նշեց,որ այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է:
«Նախկինում այս կարգավորման շրջանակում ՀՀ նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Օրենքով փոփոխություն է արվում, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարող է երկարացվել։
«ԱԱԾ-ն երեք հիմնական ուղղություններով պետք է զբաղվի, առաջինը՝ հակահետախուզություն, և այդ առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքար, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանություն»,- ասաց նա։