Տաթև համայնքի 106 միավոր հողամասի նկատմամբ գերակա հանրային շահ կճանաչվի

Սյունիքի մարզի Լծեն-Տաթև ճանապարհահատվածի վերակառուցման համար Տաթև համայնքի 106 միավոր հողամասի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ, տեղեկացնում է hetq.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարության այս որոշման նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Այս ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը շրջանցող Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի մի հատվածն է, և ըստ ՏԿԵ նախարարության՝ այն իր հերթին հնարավորություն կտա շրջանցել Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի 6 կիլոմետր երկարությամբ ոլորանները։

Նախագծում ասվում է, որ ճանապարհի վերակառուցումը հնարավոր չէ առանց լրացուցիչ հողամասերի օտարման, քանի որ ճանապարհի երթևեկելի մասը որոշ հատվածներում լայնացվում է, որոշ հատվածներում փոփոխվում է ճանապարհի ծրագիծը, ինչի արդյունքում Սյունիքի մարզի Տաթև համայնքում գտնվող 106 միավոր հողամասերի  որոշ հատվածներ ընդգրկվել են վերակառուցվող ճանապարհի օտարման շերտի սահմաններում։

Տեղեկացնենք, որ օտարվող հողամասերի ձեռք բերողն է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print