ՀՀ էկոնոմիկայի և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության նախարարները քննարկել են զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարները

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները, որոնք ձևավորվել են պատմական, մշակութային դարավոր համագործակցության արդյունքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարները, երկու երկրներում այս ուղղությամբ առկա ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, բժշկական տուրիզմի զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, ինչպես նաև 2025 թ․ Իրանից Հայաստան մեդիա ներկայացուցիչների համար ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print