Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր խմիչքներ

Կատարվում է նախաքննություն:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, որ չունի համապատասխան թույլտվություն, սակայն ապօրինի եղանակով շշալցրել, պիտակավորել և իրացրել է տարբեր տեսակի խմիչք: Ստուգման ընթացքում ոստիկանները խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են շշալցված օղի, կոնյակ, գունավոր խմիչք, նաև պլաստմասե տարաներով օղի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ գյումրեցի տղամարդու տանը հայտնաբերվել և վերցվել են տարբեր տարողությամբ ու տարբեր տեսակի 30 շիշ կոնյակ, 28 շիշ օղի, 14 շիշ լիկյոր, պլաստմասսայե տարաներում լցված 45 լիտր օղի և 25 լիտր կոնյակ, լիկյոր պատրաստելու համար նախատեսված 4 լիտր հեղուկ, կոնյակի համար նախատեսված տարաներ, ակցիզներ և խցաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print