ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17.57-ին, համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա Տալյան Մուսոյանին, ինչի արդյունքում նա մահացել է:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին և խոստովանել հանցանքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Դանակն առգրավվել է: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։