Դատարանն այսօր անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել»,- գրել է Կոստանյանը։
Շեշտել է՝ թեմայի շուրջ հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար քաղաքապետարանը հայտնում է, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել։
Սահմանված է մեկ ամիս ժամկետ որոշումը բողոքարկելու համար, և քաղաքապետարանը դա անելու է։
Միաժամանակ, Կոստանյանի խոսքով՝ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, անգամ երբ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնի։