Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։
«Այսօր հյուպատոսություն բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց հետ համագործակցության ու ներդրած ջանքերի։ Հատկանշական է, որ հենց այս տարի ենք բացում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշում ենք հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին»,– ասաց ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Լը Քլերը։
Անդրադառնալով Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ՀՀ–ում Կանադայի դեսպանատան բացման մասին հայտարարությանը՝ Էլիսոն Լը Քլերը շեշտեց, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնաքարն են։
ՀՀ–ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը վստահեցրեց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը զարգացնելու համար։
«Սա հայ–կանադական հարաբերությունների նոր մակարդակ է։ Վստահ եղեք, որ այս հյուպատոսությունը լավագույն ծառայությունները կմատուցի ՀՀ–ում Կանադայի քաղաքացիներին»,– ասաց Ավագյանը։
ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, որը 2011-2017 թվականներին ՀՀ դեսպանն է եղել Կանադայում, նշեց, որ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։ Եգանյանը նույնպես վերահաստատեց, որ 2023 թվականին ՀՀ–ում կբացվի նաև Կանադայի դեսպանությունը։